Picture

   Ժողովրդավարություն: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում: Շատերը գուցե առաջին անգամ են նման բան լսում: Պատկերացրեք, որ այո` մեր երկիրը կոչվում է “Ժողովրդավարական”: Ովքեր գիտեն, թե ինչ է ժողովրդավարությունը, ինձ թվում է շատ լավ հասկանում են` ինչու եմ նման կոպիտ կերպով շարադրում մտքերս: Ես, ժողովրդավարական երկիր ասելով, միշտ հասկացել եմ մի երկիր, որը կառավարում է ժողովուրդը: Այսինքն` ինչ կկատարվի երկրում, ինչ կբարելավվի, ինչ կվատթարանա, այդ ամենը կախված է միայն ժողովրդից: Ժողովուրդը կարող է ազատ արտահայտել իր մտքերը ու ընտրել իր նախընտրած ղեկավարին: Առաջին հայացքից չափազանց կատարյալ է թվում “Ժողովրդավարություն” ասվածը: Ինչպես ասել է Օսկար Ուայլդը. “Ժողովրդավարությունը ժողովրդին հիմարեցնելն է ժողովրդի շնորհիվ` ժողովրդի ապահովության համար”: Ինձ թվում է այս արտահայտությունը շատ դիպուկ է Հայաստանի մասին խոսելիս: Ժողովրդավարական երկրում ժողովուրդը պետք է կարողանա ազատ պաշտպանել իր իրավունքները, պետք է ազատություն տրվի ասուլիսին: Դե, տեսականորեն, ազատությունը, կարող ենք ասել, որ կա: Բայց շատ հաճախ իրենց մտքերը ազատ արտահայտողները, կամ դառը ճշմարտությունը բացահայտողները չգիտես` ինչու, “պատահաբար” դժբախտ պատահարի զոհ են դառնում, կամ “չգիտես, թե ում կողմից” ծեծի ենթարկվում: Իսկ ամենաահավորն այն է, որ ժողովուրդը հանգիստ քննարկում է այդ հարցերը ու փորձում է ինչքան հնարավոր է հեռու մնալ խնդիրներից: Ժողովուրդը դժգոհում է կառավարությունից` ասելով, որ երկիրը վատ վիճակում է: Ավելին ասեմ` երկիրը ողբալի վիճակում է: Ամենաողբալին էլ հենց այն է, որ ժողովուրդը չի հասկանում, որ ստեղծված իրավիճակի համար միայն ինքն է մեղավոր: Եթե այդքան վատ կառավարություն է` ինչ՞ու մի քանի կոպեկով (կամ թեկուզ բավականին մեծ գումարով) ընտրելուդ իրավունքը վաճառեցիր, ավելի ճիշտ` քեզ վաճառեցիր ու այնպես արեցիր, որ հիմա մեր երկիրը ղեկավարի այսօրվա կառավարությունը: Ինչ՞ու չես հայտնում մտքերդ ազատ: Դրանով դու ոչ միայն ինքդ քեզ կօգնես, այլև մեր երկրին: Կարծում եմ` ժողովրդավարությունը սկսվում է ռիսկից: Պետք է սկսես չվախենալ, հասկանալ, որ ԵՐԿՐԻԴ  ՏԵՐԸ  ԴՈՒ ԵՍ, միայն ԴՈՒ: Ինչ՞ու եք լուռ զսպում վիրավորանքը, թողնում, որ ձեր իրավունքերը ամենազզվելի կերպով ոտնահարվեն: Ինչ՞ու եք ձեր ընտրած կառավարությունից դժգոհում: Իսկ գիտե՞ք ինչու եք վաճառվում, ինչ՞ու եք վաճառում ձեր ընտրելու իրավունքը: Որովհետև այնքան աղքատ վիճակում ենք, որ նույնիսկ գրոշների համար պատրաստ եք ձեր հարազատին վաճառել, էլ ու՞ր մնաց մեր խեղճ երկիրը չվաճառեք: Իսկ գիտե՞ք` ինչու այդքան գումարի կարիք ունեք: Որովհետև այդ կառավարությունն է ձեզ հասցրել աղքատության, ողորմելի աղքատության: Իսկ դուք թողնում եք, որ մեր երկիրը կառավարեն ձեզնից գողացողները: Եթե այդպես չեք կարծում, ուրեմն բարի եղեք մի դժգոհեք երկրում առկա իրավիճակից: Բայց դա դեռ մի կողմ թողնենք: Սկսենք քննարկել ժողովրդավարությանը խոչընդոտող հիմնական երևույթը` կոռուպցիան: Ի՞նչ եք կարծում` կոռուպացված երկրում հնարավոր է ժողովրդավարություն լինի: Բացատրեմ կոռուպցիան որն է: Կոռուպցիան այն է, երբ ընդունվում եք այն ԲՈՒՀ, որտեղ ծանոթ և բարեկամ ունեք` այն հույսով, որ նա ձեզ կոպիտ ասած “առաջ կտանի”, կոռուպցիան այն է, երբ ճանապարհատրանսպորտային ոստիկանին խախտում անելու համար ոչ թե հարկ եք վճարում, այլ կաշառք, կոռուպցիան այն է, երբ կլորիկ գումարի դիմաց աշխատանքի են ընդունվում իրենց աշխատանքից անտեղյակ մարդիկ, փոխարենը տուժում են լավ մասնագետները, որոնք էլ ստիպված լքում են երկիրը` ուրիշ երկրում գնահատվելու նպատակով: Արդյունքում` երկրում չի մնում լավ աշխատանքային ռեսուրս, ու, ընդհանրապես, եթե այսպես շարունակվի երկիրը լիովին կդատարկվի: Դ՞ա եք ուզում: Ուղղակի պետք է կոռուպցիայի մասնակից դառնալով հասկանալ, որ վերացնում եք “Ժողովրդավարություն” ասվածը: Ժողովրդավարություն, որը անգրագետ է, որովհետև ժողովուրդը տեղյակ չէ ու ոչ էլ ցանկություն ունի տեղյակ լինել իր սեփական իրավունքներից, որտեղ չի էլ փորձում պաշտպանել իր իրավունքները, քանի որ հիասթափվել է կեղծ օգնությունից, որտեղ ամեն ինչ խճճված է ու տիրում է բացահայտ անարդարություն: Ժողովրդավարական երկիր, որտեղ ժողովուրդը համոզված է, որ ունակ չէ փոխել որևէ բան: Դադարեք այդպես արդարանալուց, հիշեք, որ ժողովրդավարությունը սկսվում է հենց ձեզնից: Եթե դժգոհ եք, փորձեք փոխել, գոհ եք` պահպանեք, չգիտեք` սովորեք: Եկեք վերջ տանք այս անգրագետ ժողովրդավարությանը… 
                                                                           Շուշան:

 
        Երեսբուք. հայկական հանճարեղ մտքի հերթական թռիչք: Լավ, եթե լուրջ, ուրեմն ասեմ, որ ապշած եմ: Հասկացանք` սիրում ենք նմանակել, բայց լավ, այս աստիճանի՞: Չգիտեմ: Ինձ թվում է, որ եթե ուզեին, ուրեմն հաստատ կարող էին հորինել ավելի հետաքրքիր ու ոչ նմանակած անուն: Ասենք, սիրուն էլ չի հնչում: Կամ ընդհանրապես` ինչո՞ւ են հայերն այդքան սիրում նմանակել: Ինչո՞ւ չենք փորձում ստեղծել մերը, նորը, ինչո՞ւ ենք անընդհատ ձգտում դեպի ամերիկյանը, եվրոպականը: Կարծում եմ` եթե փորձենք, ապա հաստատ շատ լավ կստացվի, համենայն դեպս ավելի լավ կստացվի, քան նմանակածը: Ախր գոնե որակով նմանակեն. իրենք սարքում են դրա ավելի վատը, ավելի անիմաստը: Բնականաբար, սպասում են, որ մարդկանց համար դա կլինի ինչ-որ ֆուրորային նորություն: Բայց դե, կոնկրետ այս դեպքում, մի քանի ադնակլասնիկյան դեմքեր կգրանցվեն, հետո կվերադառնան իրենց սիրելի ռաբիսի օրրանը` ադնակլասնիկը: Իսկ ֆեյսբուքյան ակտիվիստները ինձ թվում է, կծիծաղեն նման անվան վրա: Մի խոսքով. մի բան եմ խնդրում, իմ սիրելի նմանակելու սիրահարներ, մի քիչ փորձեք ձերը ստեղծել, ձեր սեփականը, կապ չունի թե խոսքն ինչի մասին է: Մարդիկ ձեզ հիշելու են ձեր ստեղծածով, նրանով, ինչով դուք տարբերվում եք մյուսներից: Թեկուզ հենց ամենափոքր հարցերում, փորձեք տարբերվել, փորձեք ստեղծել ձերը: Ինչևէ, մի քիչ հիմար փոսթ ստացվեց, բայց դե հենց որոշեցի գրել, մուսսաս անհետացավ….  
         Իսկ հիմա` վայելենք նմանակման այս գեղատեսիլ գլուխգործոցը.
http://www.yeresbook.com/

                                                                                Սիրով` Շուշան:

 
Picture
   Մի անգամ աշնանը մի գիրք վերցրի ու սկսեցի կարդալ: Գիրքը գրված էր հետաքրքիր ու հասկանալի, ու ես կարդում էի մեծ հաճույքով: Շուտով հասկացա, որ ես ուզում եմ անընդհատ կարդալ այդ գիրքը, հաճախ էի թերթում ու կրկին կարդում այն հատվածները, որոնք հավանել էի: 100 էջ. ու ես գրքիս հերոսի հետ լաց էի լինում: Անկեղծ եմ ասում, լաց էի լինում նույնիսկ նրանից էլ ուժեղ: Բայց մենք շատ լաց չեղանք. առջևում հերոսիս կյանքի ամենագեղեցիկ օրերն էին, ու նա երջանիկ էր: Ես էլ էի երջանիկ: Մենք միասին հաճախ էինք մտածում ու երազում: Հաճախ էի նստում նրա հետ նույն սենյակում ու ականատես լինում իրենց տան վեճերին: Այնքան էի խղճում նրա հորը, մորը շատ էի սիրում, եղբայրներին տանել չէի կարողանում: Եվս հարյուր էջ. ու ես ոչ միայն սիրում կամ ատում էի հերոսներին, այլև ապրում էի նրանց հետ: Դարձել էի գրքի հերոս: Թվում էր` տեսնում եմ այդ ամենը, երբեմն չէի հավատում, որ նրանք ուղղակի հերոսներ են ու վերջ: Նրանք դարձել էին առօրյայիս անբաժանելի մասնիկը: Ես տեսնում էի այդ ամենը, տեսնում հոգուս աչքերով. ահա նրանք, հավաքում են տան իրերը, պետք է տեղափոխվեն, ախր այդ տունը… ախր այդտեղ անցավ հերոսիս մանկությունը, չեմ ուզում հեռանան այդ տնից, այդ տանն անցել են 200 էջ, անցել են տարիներ, ուրախ ու դաժան օրեր: Ու էլի լաց եմ լինում. կկարոտեմ այդ տունը: Եվս հարյուր էջ. ես ու հերոսս արդեն հարմարվել ենք մեր նոր տանը, նոր ծանոթներ ունենք: Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ, հերոսս երբեմն իջնում է, նստում բակում ու հայացքներով փոխանակվում իրենց նոր հարևանուհու հետ: Սպասում եմ` երբ են ծանոթանալու, որ սկսվի հերոսիս կյանքի նոր էտապ: 50 էջ անց վերջանում է այդ էտապը, կարծես, երեկ էր սկսվել: Հանկարծ նկատում եմ` ընդհամենը 100 էջ է մնացել: 100 էջը կարդում եմ դանդաղ, հանգիստ, առանց շտապելու: 50 էջ. վախենում եմ կարդալ: 10 էջ. շուտով վերջանում է գիրքս, այս 10 էջն էլ կարդամ ու նոր գիրք սկսեմ կարդալ: Վերջին էջ. զննում եմ ամեն տառը, ուսումնասիրում, կարդում ինչքան հնարավոր է դանդաղ: Վերջին նախադասություն, վերջին տող, վերջին բառ, վերջին տառ, վերջ: Վե՞րջ: Այսքան շու՞տ:
Հաջորդ օր. ու՞ր է գիրքս, ու՞ր է հերոսս: Վե՞րջ: Էլ չկա, կորցրի նրան, այն տպավորությունն է, կարծես թանկ մարդ եմ կորցրել: Դատարկ է: Կարոտել եմ հերոսներիս, ընկերներիս: Բացում եմ գիրքս, կարդում սիրելի հատվածներս ու կարոտից լաց լինում: Ինչ-որ բան պակասում է: Ուզում եմ, որ էլի գնանք այն պարսպի մոտ ու հարևանի տանը նայենք, ուզում եմ, որ էլի դաշնամուր նվագենք, էլի պապիկի հետ զբոսանքի գնանք, ուզում եմ, որ էլի սիրահարվի, էլի նոր ընկերներ ձեռք բերի…
Այնքան եմ քեզ կարոտել, իմ սիրելի հերոս: Դու մնացիր ինձնում, դու էլ երբեք իմ սրտից չես գնա: Դու փոխեցիր կյանքս: Սովորեցրիր ապրել ուրիշների կյանքով, քո կյանքի փորձով ինձ կյանքի փորձ տվեցիր: Ինչ՞ու վերջ: Չեմ ուզում ուրիշ գիրք կարդալ, չեմ ուզում: Միայն ուզում եմ նորից միասին երազենք, միասին լաց լինենք, ուրախանանք, սպասենք….
            Աշնան մի ցուրտ օր էր, այդ օրն էր, երբ վերցրի գիրքն ու կյանքիս նոր էջ բացեցի, ապրեցի մի ամբողջ կյանք …
            Շնորհակալ եմ այդ օրվան, որ այն պարզապես եղավ իմ կյանքում…

             


    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն