Ժողովրդավարություն: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում: Շատերը գուցե առաջին անգամ են նման բան լսում: Պատկերացրեք, որ այո` մեր երկիրը կոչվում է “Ժողովրդավարական”: Ովքեր գիտեն, թե ինչ է ժողովրդավարությունը, ինձ թվում է շատ լավ հասկանում են` ինչու եմ նման կոպիտ կերպով շարադրում մտքերս: Ես, ժողովրդավարական երկիր ասելով, միշտ հասկացել եմ մի երկիր, որը կառավարում է ժողովուրդը: Այսինքն` ինչ կկատարվի երկրում, ինչ կբարելավվի, ինչ կվատթարանա, այդ ամենը կախված է միայն ժողովրդից: Ժողովուրդը կարող է ազատ արտահայտել իր մտքերը ու ընտրել իր նախընտրած ղեկավարին: Առաջին հայացքից չափազանց կատարյալ է թվում “Ժողովրդավարություն” ասվածը: Ինչպես ասել է Օսկար Ուայլդը. “Ժողովրդավարությունը ժողովրդին հիմարեցնելն է ժողովրդի շնորհիվ` ժողովրդի ապահովության համար”: Ինձ թվում է այս արտահայտությունը շատ դիպուկ է Հայաստանի մասին խոսելիս: Ժողովրդավարական երկրում ժողովուրդը պետք է կարողանա ազատ պաշտպանել իր իրավունքները, պետք է ազատություն տրվի ասուլիսին: Դե, տեսականորեն, ազատությունը, կարող ենք ասել, որ կա: Բայց շատ հաճախ իրենց մտքերը ազատ արտահայտողները, կամ դառը ճշմարտությունը բացահայտողները չգիտես` ինչու, “պատահաբար” դժբախտ պատահարի զոհ են դառնում, կամ “չգիտես, թե ում կողմից” ծեծի ենթարկվում: Իսկ ամենաահավորն այն է, որ ժողովուրդը հանգիստ քննարկում է այդ հարցերը ու փորձում է ինչքան հնարավոր է հեռու մնալ խնդիրներից: Ժողովուրդը դժգոհում է կառավարությունից` ասելով, որ երկիրը վատ վիճակում է: Ավելին ասեմ` երկիրը ողբալի վիճակում է: Ամենաողբալին էլ հենց այն է, որ ժողովուրդը չի հասկանում, որ ստեղծված իրավիճակի համար միայն ինքն է մեղավոր: Եթե այդքան վատ կառավարություն է` ինչ՞ու մի քանի կոպեկով (կամ թեկուզ բավականին մեծ գումարով) ընտրելուդ իրավունքը վաճառեցիր, ավելի ճիշտ` քեզ վաճառեցիր ու այնպես արեցիր, որ հիմա մեր երկիրը ղեկավարի այսօրվա կառավարությունը: Ինչ՞ու չես հայտնում մտքերդ ազատ: Դրանով դու ոչ միայն ինքդ քեզ կօգնես, այլև մեր երկրին: Կարծում եմ` ժողովրդավարությունը սկսվում է ռիսկից: Պետք է սկսես չվախենալ, հասկանալ, որ ԵՐԿՐԻԴ ՏԵՐԸ ԴՈՒ ԵՍ, միայն ԴՈՒ: Ինչ՞ու եք լուռ զսպում վիրավորանքը, թողնում, որ ձեր իրավունքերը ամենազզվելի կերպով ոտնահարվեն: Ինչ՞ու եք ձեր ընտրած կառավարությունից դժգոհում: Իսկ գիտե՞ք ինչու եք վաճառվում, ինչ՞ու եք վաճառում ձեր ընտրելու իրավունքը: Որովհետև այնքան աղքատ վիճակում ենք, որ նույնիսկ գրոշների համար պատրաստ եք ձեր հարազատին վաճառել, էլ ու՞ր մնաց մեր խեղճ երկիրը չվաճառեք: Իսկ գիտե՞ք` ինչու այդքան գումարի կարիք ունեք: Որովհետև այդ կառավարությունն է ձեզ հասցրել աղքատության, ողորմելի աղքատության: Իսկ դուք թողնում եք, որ մեր երկիրը կառավարեն ձեզնից գողացողները: Եթե այդպես չեք կարծում, ուրեմն բարի եղեք մի դժգոհեք երկրում առկա իրավիճակից: Բայց դա դեռ մի կողմ թողնենք: Սկսենք քննարկել ժողովրդավարությանը խոչընդոտող հիմնական երևույթը` կոռուպցիան: Ի՞նչ եք կարծում` կոռուպացված երկրում հնարավոր է ժողովրդավարություն լինի: Բացատրեմ կոռուպցիան որն է: Կոռուպցիան այն է, երբ ընդունվում եք այն ԲՈՒՀ, որտեղ ծանոթ և բարեկամ ունեք` այն հույսով, որ նա ձեզ կոպիտ ասած “առաջ կտանի”, կոռուպցիան այն է, երբ ճանապարհատրանսպորտային ոստիկանին խախտում անելու համար ոչ թե հարկ եք վճարում, այլ կաշառք, կոռուպցիան այն է, երբ կլորիկ գումարի դիմաց աշխատանքի են ընդունվում իրենց աշխատանքից անտեղյակ մարդիկ, փոխարենը տուժում են լավ մասնագետները, որոնք էլ ստիպված լքում են երկիրը` ուրիշ երկրում գնահատվելու նպատակով: Արդյունքում` երկրում չի մնում լավ աշխատանքային ռեսուրս, ու, ընդհանրապես, եթե այսպես շարունակվի երկիրը լիովին կդատարկվի: Դ՞ա եք ուզում: Ուղղակի պետք է կոռուպցիայի մասնակից դառնալով հասկանալ, որ վերացնում եք “Ժողովրդավարություն” ասվածը: Ժողովրդավարություն, որը անգրագետ է, որովհետև ժողովուրդը տեղյակ չէ ու ոչ էլ ցանկություն ունի տեղյակ լինել իր սեփական իրավունքներից, որտեղ չի էլ փորձում պաշտպանել իր իրավունքները, քանի որ հիասթափվել է կեղծ օգնությունից, որտեղ ամեն ինչ խճճված է ու տիրում է բացահայտ անարդարություն: Ժողովրդավարական երկիր, որտեղ ժողովուրդը համոզված է, որ ունակ չէ փոխել որևէ բան: Դադարեք այդպես արդարանալուց, հիշեք, որ ժողովրդավարությունը սկսվում է հենց ձեզնից: Եթե դժգոհ եք, փորձեք փոխել, գոհ եք` պահպանեք, չգիտեք` սովորեք: Եկեք վերջ տանք այս անգրագետ ժողովրդավարությանը…
Շուշան: