Picture
   Մի անգամ աշնանը մի գիրք վերցրի ու սկսեցի կարդալ: Գիրքը գրված էր հետաքրքիր ու հասկանալի, ու ես կարդում էի մեծ հաճույքով: Շուտով հասկացա, որ ես ուզում եմ անընդհատ կարդալ այդ գիրքը, հաճախ էի թերթում ու կրկին կարդում այն հատվածները, որոնք հավանել էի: 100 էջ. ու ես գրքիս հերոսի հետ լաց էի լինում: Անկեղծ եմ ասում, լաց էի լինում նույնիսկ նրանից էլ ուժեղ: Բայց մենք շատ լաց չեղանք. առջևում հերոսիս կյանքի ամենագեղեցիկ օրերն էին, ու նա երջանիկ էր: Ես էլ էի երջանիկ: Մենք միասին հաճախ էինք մտածում ու երազում: Հաճախ էի նստում նրա հետ նույն սենյակում ու ականատես լինում իրենց տան վեճերին: Այնքան էի խղճում նրա հորը, մորը շատ էի սիրում, եղբայրներին տանել չէի կարողանում: Եվս հարյուր էջ. ու ես ոչ միայն սիրում կամ ատում էի հերոսներին, այլև ապրում էի նրանց հետ: Դարձել էի գրքի հերոս: Թվում էր` տեսնում եմ այդ ամենը, երբեմն չէի հավատում, որ նրանք ուղղակի հերոսներ են ու վերջ: Նրանք դարձել էին առօրյայիս անբաժանելի մասնիկը: Ես տեսնում էի այդ ամենը, տեսնում հոգուս աչքերով. ահա նրանք, հավաքում են տան իրերը, պետք է տեղափոխվեն, ախր այդ տունը… ախր այդտեղ անցավ հերոսիս մանկությունը, չեմ ուզում հեռանան այդ տնից, այդ տանն անցել են 200 էջ, անցել են տարիներ, ուրախ ու դաժան օրեր: Ու էլի լաց եմ լինում. կկարոտեմ այդ տունը: Եվս հարյուր էջ. ես ու հերոսս արդեն հարմարվել ենք մեր նոր տանը, նոր ծանոթներ ունենք: Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ, հերոսս երբեմն իջնում է, նստում բակում ու հայացքներով փոխանակվում իրենց նոր հարևանուհու հետ: Սպասում եմ` երբ են ծանոթանալու, որ սկսվի հերոսիս կյանքի նոր էտապ: 50 էջ անց վերջանում է այդ էտապը, կարծես, երեկ էր սկսվել: Հանկարծ նկատում եմ` ընդհամենը 100 էջ է մնացել: 100 էջը կարդում եմ դանդաղ, հանգիստ, առանց շտապելու: 50 էջ. վախենում եմ կարդալ: 10 էջ. շուտով վերջանում է գիրքս, այս 10 էջն էլ կարդամ ու նոր գիրք սկսեմ կարդալ: Վերջին էջ. զննում եմ ամեն տառը, ուսումնասիրում, կարդում ինչքան հնարավոր է դանդաղ: Վերջին նախադասություն, վերջին տող, վերջին բառ, վերջին տառ, վերջ: Վե՞րջ: Այսքան շու՞տ:
Հաջորդ օր. ու՞ր է գիրքս, ու՞ր է հերոսս: Վե՞րջ: Էլ չկա, կորցրի նրան, այն տպավորությունն է, կարծես թանկ մարդ եմ կորցրել: Դատարկ է: Կարոտել եմ հերոսներիս, ընկերներիս: Բացում եմ գիրքս, կարդում սիրելի հատվածներս ու կարոտից լաց լինում: Ինչ-որ բան պակասում է: Ուզում եմ, որ էլի գնանք այն պարսպի մոտ ու հարևանի տանը նայենք, ուզում եմ, որ էլի դաշնամուր նվագենք, էլի պապիկի հետ զբոսանքի գնանք, ուզում եմ, որ էլի սիրահարվի, էլի նոր ընկերներ ձեռք բերի…
Այնքան եմ քեզ կարոտել, իմ սիրելի հերոս: Դու մնացիր ինձնում, դու էլ երբեք իմ սրտից չես գնա: Դու փոխեցիր կյանքս: Սովորեցրիր ապրել ուրիշների կյանքով, քո կյանքի փորձով ինձ կյանքի փորձ տվեցիր: Ինչ՞ու վերջ: Չեմ ուզում ուրիշ գիրք կարդալ, չեմ ուզում: Միայն ուզում եմ նորից միասին երազենք, միասին լաց լինենք, ուրախանանք, սպասենք….
            Աշնան մի ցուրտ օր էր, այդ օրն էր, երբ վերցրի գիրքն ու կյանքիս նոր էջ բացեցի, ապրեցի մի ամբողջ կյանք …
            Շնորհակալ եմ այդ օրվան, որ այն պարզապես եղավ իմ կյանքում…

             





Leave a Reply.

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն