Կանգնած էր նա այնտեղ տասը, գուցե քսան, կամ նույնիսկ երեսուն տարի. չէր կարող հստակ ասել. հաշվել չգիտեր: Ու չգիտեր էլ, թե որքան է այդտեղ կանգնած մնալու, թե երբ կգան իր հետևից: Ընկերներին տանում էին. կտրում ու տանում: Այն, ինչ նա լսում էր վերջին պահին` ընկերների հառաչն էր: Ընկերների փոխարեն հիմա ինչ-որ քարե կիսակառույց շենքեր ու սրճարաններ էին: Գիտեր` իր գնալուն էլ է քիչ մնացել: Ու սպասում էր: Երևի ամենածանրը այդ սպասման անորոշ օրերն էին: Գոնե իմանար` ուր են տանելու: Երբ նայում էր քարե անկենդան, անխոս, սառը կառույցներին, զզվում էր միայն այն մտքից, որ հնարավոր է` վաղն էլ իր փոխարեն նման բաներ լինեին այդտեղ կանգնած: Ախ, ինչքան էր կարոտելու մարդկանց` իրեն ուշադիր զննող, հետաքրքրված աչքերը, տեսախցիկների ու լուսախցիկների չխկչխկոցները, կարոտելու էր նույնիսկ անտարբեր անցորդներին ու ցավում էր, որ չի հասցնելու վրեժ լուծել իր վրա աղբ նետողներից: Ու կկարոտեր այն վայրը, ուր ծնվել ու մեծացել էր: Միգուցե, դեռ չէր էլ հասցրել մեծանալ, միգուցե նա դեռ փոքր էր ու բնության չգրված օրենքներով դեռ դարեր պետք է ապրեր: Բայց մարդը հիմարության իր օրենքներով աչք էր փակում բնության չգրված օրենքների վրա: Դառը ծիծաղեց. գուցե ինքը պատասխան չի տա, բայց բնության համբերությունն էլ, մի օր, վերջիվերջո, կսպառվի, ու պատասխան հարվածը այնքան ծանր կլինի , որ մարդիկ ոչ իրենց սրճարաններով, ոչ էլ կիսակառույց շինություններով կկարողանան պատերազմել: Հիմար մարդիկ, ձեր կացնի մի ցավոտ հարվածից դեռ այնքան հարվածներ են իջնելու ձեզ վրա…. Բայց ցավում էր սիրտը. նա մարդկանց վատը չէր ցանկանում. Սիրում էր նրանց միակողմանի սիրով: Ծառը սիրում էր... Ծառի սիրտը ցավում էր, բայց այդ սիրտն էլ շուտով սիրտ չունեցող մարդիկ արմատախիլ էին անելու….
Ահա` մի քանի հոգի, կացինները ձեռքներին, մոտենում են, նրանք են, ովքեր երեկ փոքրիկ կաղնուն տարան: Ո՞վ գիտե, գուցե այսօր էլ իր հերթն է…..
Հ.Գ. գիտեմ, որ նկարը համապատասխան չէ, բայց իմ նկարած ֆոտոներն էլ լավ չէին ստացվել: Հարմար առիթի դեպքում անպայման կփոխեմ: Կարծիքների կամ ուղղումների համար քոմմենթեք:
Շուշան
Ահա` մի քանի հոգի, կացինները ձեռքներին, մոտենում են, նրանք են, ովքեր երեկ փոքրիկ կաղնուն տարան: Ո՞վ գիտե, գուցե այսօր էլ իր հերթն է…..
Հ.Գ. գիտեմ, որ նկարը համապատասխան չէ, բայց իմ նկարած ֆոտոներն էլ լավ չէին ստացվել: Հարմար առիթի դեպքում անպայման կփոխեմ: Կարծիքների կամ ուղղումների համար քոմմենթեք:
Շուշան